Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               
 

Երկու պատերազմական դրվագ ու մի կորսված ժամանակի կենսագրություն, որ կոչվում է հաղթանակ

Երկու պատերազմական դրվագ ու մի կորսված ժամանակի կենսագրություն, որ կոչվում է հաղթանակ
09.05.2025 | 10:00

Նա Եղեռնի տարում՝ 1915-ին ծնված օշականցի Վարդան Ամատունին էր։ Գառնիկ Ամատունու ավագ որդին։ Գառնիկը, որ ժամանակին ռուսական բանակի կազմում ազատագրական մարտերում էր մասնակցել թուրքական բռնապետության դեմ, համառությամբ, բանիմացությամբ ու մարդկային պարզությամբ իր հայրենասիրության ոգին փոխանցել էր որդուն։ Այդ ոգին ուղեկցեց Վարդանին ամբողջ կյանքում՝ դպրոցական դասարանից մինչև պատերազմի թեժ խրամատ։ Պատերազմը ոչ միայն ռազմական գործողությունների հաջորդականություն է, այլև մարդկային ճակատագրերի խճճված ուղիներ, որտեղ ամեն մի քայլ կարող է կյանք կամ մահ նշանակել։ Վարդան Ամատունու պատմությունը եղեռնի արձագանքից, անցնում է Հայրենական մեծ պատերազմի դժոխքով և հասնում մինչև խաղաղության տարիների լռությունը՝ լի կասկածներով ու վախերով։

Վարդանը մանկավարժական ինստիտուտն ավարտած երիտասարդ մասնագետ էր, երբ աշխատանքի անցավ որպես դպրոցի տնօրեն Աշտարակի շրջանի Փարպի գյուղում։ Նա դեռ նոր կյանք էր կերտում, երբ եկավ Խորհրդային բանակում ծառայելու ժամանակը։ 1939 թվականն էր։ Ուսուցչական սեղանը փոխարինվեց զինվորական հանդերձով։ Երբ լրացավ երկամյա ծառայությունը և պատրաստվում էր տուն վերադառնալ 1941-ի հունիսին սկսվեց մեծ պատերազմը: Կուսակցական տոմսով բարձրագույնն ավարտած երիտասարդ մանկավարժին ընդգրկում են սպայական վերապատրաստման դասընթացներում, որի ավարտելուց հետո Վարդանը պետք է անցներ 25 տարվա պարտադիր պայմանագրային ծառայության։ Բայց հենց այդտեղ տեղի ունեցավ մի դրվագ, որը փոխեց նրա ճակատագիրը։
Սպայական որակավորման քննությունների ժամանակ նա գիտակցաբար սխալներ թույլ տվեց քարտեզի վրա։ Երբ հրամանատարը հարցրեց՝ «Ինչու՞ եք խառնում Ամերիկան ԽՍՀՄ-ի հետ», նա պարզաբանեց.
«Ծնողներս տարիքով են, հիվանդ են։ Ուզում եմ պատերազմից հետո նրանց կողքին լինել»:
Այդ ազնիվ խոստովանությունը փրկեց նրան 25-ամյա պարտադիր ծառայությունից, բայց ոչ պատերազմի սարսափներից։
Անմիջապես պատերազմ են զորակոչում Վարդանի եղբորը՝ Զավեն Ամատունուն։ Զավենը ուներ գրելու շնորհք։ Նամակներ էր գրում ճակատից, բայց շատ կարճ ժամանակ անց այդ նամակները դադարեցին։ Զավենն այդպես էլ համարվեց անհետ կորած։ Չվերադարձավ, չգրվեց, չհիշվեց՝ մնաց մորմոքը հարազատների սրտում։
Վարդանն անցավ ամբողջ պատերազմի միջով՝ մինչև 1945-ի մայիսի 9-ը։ Բայց մինչ այդ, պատերազմը դեռ իրեն պիտի ցույց տար իր դաժան դեմքը։
Վարդանի պատմածներից առանձնապես երկու դրվագ են խորը տպավորվել։ Դրանք մարդկային խղճի ու ճակատագրի հարվածներն էին։
Առաջին դրվագը՝ խորհրդային դաժան կարգապահության խորհրդանիշ։ Խորհրդային բանակի խրամատներից մեկում երեք զինվորներ փորում էին պաշտպանական հենարան։ Հակոբ անունով զինվորը, անուշադրությանբ կամ հոգնածությանից, իր հատվածը մի քանի սանտիմետր ավելի խորացրեց։ Սխալն աննշան էր, բայց պատերազմի դաժան տրամաբանությամբ՝ աններելի։ Հրամանատարը, որպեսզի «ուղղի» մյուսներին, Հակոբին գնդակահարեց: Կյանքն արժե մի քանի սանտիմետր։

Երկրորդ դրվագը՝ Լեհաստանում։ Պատերազմը բեկումնային փուլում էր։ Սովետական մի ստորաբաժանում՝ շրջափակման մեջ։ Ֆաշիստները վերցնում են գերի։ Նրանցից մի խումբ կանչում են առաջ՝ հարցնելով՝ ո՞վ է կուսակցության անդամ։ Երեք քայլ առաջ գան։ Ոմանք առաջանում են՝ գնդակահարվում անմիջապես։ Վարդանը կուսակցության անդամ էր, բայց տեսնելով, թե ինչպես են գնդակահարում առաջ եկածներին, նա աննկատ հանեց տոմսը, գցեց ջրափոսն ու ոտքով խաչաձև խառնեց ցեխին։ Երբ հրամանը կրկնվեց, նա մնաց տեղում։ Այդ վայրկյանական որոշումը նրան փրկեց։ ։
Վարդանին հաջողվում է փախչել գերությունից, փախուստը ևս մեկ հերոսություն էր՝ առանց շքեղության ։ Վարդանը պատսպարվեց լեհ ընտանիքում, մինչև նորից միանար մերոնց՝ այդ նույն բանակին, որի հրամանով խրամատում մարդ էին գնդակահարում մի քանի սանտիմետրի համար։ Իսկ ինքը՝ Վարդանը, հասավ Բեռլին։ Հաղթանակը վաստակեց ոտքով, սրտով, ցավով ու հավատով։ Նպատակն իրականություն է. Բեռլին, հաղթանակի օր, մայիսի 9-ը։
Սակայն պատերազմից հետո հաղթանակն ու խաղաղությունը պարզունակ չէր։ Խորհրդային Միությունում գերությունը համարվում էր «ամոթ», իսկ կուսակցական տոմսի կորուստը՝ կասկածի պատճառ։ Ստալինյան սառը բռնապետությունը չէր ներում անգամ հաղթողին: Դա համարվում էր դավաճանություն։ Շատերը աքսորվեցին։ Այդ պատճառով Վարդանը լռեց։ Գերության փաստը, կուսակցության տոմսի կորստի պատմությունը պահեց իր մեջ՝ անգամ ընտանիքի ներսում քչերն էին տեղյակ, որովհետև նույնիսկ պատերն ականջներ ունեն։ Չպատմեց, չբողոքեց, չդատապարտեց, որովհետև երբեմն մարդը փնտրում է ոչ թե փառք, այլ խաղաղություն:
Վերադարձին իր հետ Հայաստան բերեց գերմանական զինվորի կաշվե գոտի, թրաշի օճառ խառնելու վրձին ու ածելի: Նա այդ ածելին օգտագործեց ամբողջ կյանքում՝ հպարտանալով, որ «թշնամու» գործիքը դարձավ խաղաղ կյանքի մաս: Երբեմն գոտու մի ծայրից բռնում էր երեխաներիցս մեկը, մյուսը ինքը ու տանել-բերելով սրում էր ածելին: Պատերազմով անցած այս լուռ պարագաները հիշեցնում էին ոչ թե մահը, այլ կյանքի հաստատակամությունը, որի խորհուրդը ու հայրական շունչը կրում էինք ընտանիքում բոլորս:
Նա կրկին ծնվեց, նորից սովորեց։ Ընտանիք կազմեց ու նոր կյանք սկսեց: Ավարտեց անասնաբուժական ինստիտուտը։ Մինչդեռ իր հասակակիցները, կուսակցական տոմսերով բարձր պաշտոններ զբաղեցրեցին, նա՝ հողի, գյուղացու հետ, խաղաղ աշխատանքում էր` ֆերմայի վարիչ, սովխոզի տնտեսագետ։ ՈՒնեցավ չորս զավակ։ Նրանցից մեկն էլ՝ այս տողերի հեղինակը։
Նա կյանքի վերջին 30 տարիները աշխատեց, արարեց ու իր մահկանացուն կնքեց հայրենի Օշականում:
Հավերժ փառք քեզ, հայ զինվոր։
Շնորհավոր հաղթանակդ, հայր իմ։
Խաղաղ երկինք՝ բոլոր ապրողներին։
Վարդան Ամատունու պատմությունը պատերազմի մասին չէ։ Այն խաղաղության մասին է, որին նա արժանացավ:
Նա երբեք իր գործն ու ծառայությունը որպես հերոսություն չհամարեց, սրբորեն կրեց իր լռությունը, իր չպատմված հաղթանակները, ու խաղաղ կյանքի սրբազան բաղձանքը։ Իր կյանքի բովանդակությամբ, նա ոչ միայն հաղթեց պատերազմը, այլ կերտեց հաղթանակ՝ խաղաղության մեջ։


ՎԱՀԱՆ ԱՄԱՏՈՒՆԻ

Լրագրողի ծանոթագրություն.
Վարդան Ամատունու պատմությունը հիմնված է իրական փաստերի վրա՝ փոխանցված նրա զավակի կողմից։ Այն խորհրդանշում է հազարավոր մեզ անհայտ այն հերոսներին, որոնց սխրանքը, կորսված ժամանակն ու անձնազոհությունը այդպես էլ հավուր պատշաճի չբարձրաձայնվեց: Այսօր, երբ Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակը հնչում է որպես հիշեցում, կարևոր է հարգել նրանց, ովքեր կռվեցին ոչ միայն զենքով, այլև՝ հոգու անխորտակելիությամբ։

Հայ Ազյան

Լուսանկարում՝ Վարդան Ամատունին, 1940թ.

Դիտվել է՝ 368

Մեկնաբանություններ